Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում բացվել է «Մեր Սպենդիարյանը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը:
«Իրատեսի» հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՕԹԱՐՅԱՆԸ նշեց, որ ցուցահանդեսը հասարակության լայն շրջանակներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Ներկայացված են կոմպոզիտորի կյանքի տարբեր փուլերը. Ղրիմում ապրած տարիները, ստեղծագործական ուղին Մոսկվայում և Պետերբուրգում, այնուհետև Երևանում, որտեղ մեծ էր կոմպոզիտորի ավանդը հայ մշակույթի զարգացման գործում: «Մինչև նոյեմբերի 20-ը օպերային թատրոն հաճախող յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ ճեմասրահում բացված ցուցահանդեսին: Ավելին իմանալ ցանկացողներին ցուցահանդեսը կուղղորդի դեպի թանգարան»,- ասաց Մարինե Օթարյանը: Նրա փոխանցմամբ` թանգարանը տարեկան ունենում է 4000-4500 այցելու, տարեցտարի ավելանում է նրանց թիվը: ՈՒրախությամբ նշեց, որ վերջին տարիներին թանգարան են այցելում ընտանիքներով, ինչը նշանակում է, որ վերականգնվում է թանգարան այցելելու ավանդույթը:
«Ի՞նչ թիվ են կազմում օտարերկրացի այցելուները: Մի առիթով ասացիք, որ ունեցել եք մեծ թվով ճապոնացի այցելուներ, ինչն էլ ձեզ մղել է եռալեզու բուկլետը դարձնելու հնգալեզու` ավելացնելով՝ ֆրանսերենն ու ճապոներենը»։ Անդրադառնալավ մեր այս հարցին՝ տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ դա շատ հարաբերական է. «ՈՒնեցել ենք ճապոնացի այցելուներ, որոնք հետաքրքրվում էին Սպենդիարյանի ստեղծագործություններով, այո, ճապոներեն բուկլետ էլ ունենք, բայց ցավով պետք է նշեմ, որ մեծ թիվ չեն կազմում դրսի այցելուները: Շատ մեծ բաց կա զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատելու հարցում, որովհետև վերջիններս իրենց շրջագայությունների փաթեթում չեն ներառում նմանատիպ փոքր թանգարանները»:
Սպենդիարյանի տուն-թանգարանը հասանելի է նաև թվային տարածքում: Ցուցանմուշներին կարելի է ծանոթանալ վիրտուալ շրջայցով, ինչը, սակայն, Մարինե Օթարյանի կարծիքով, չի ապահովում այն էմոցիոնալ հաղորդակցությունը, որ այցելուն ունենում է, երբ այցելում է թանգարան ու անմիջականորեն շփվում կոմպոզիտորի ժառանգությանը, ծանոթանում նրա անձնական իրերին. «Սակայն վիրտուալ շրջայցը խթանում է այցելությունը թանգարան: Հաճախ մեզ ասում են` շրջեցինք թանգարանով, հիացանք և ուզեցինք գալ, իրականում տեսնել` այստեղ ինչեր են ցուցադրվում»:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963-ին` Նալբանդյան 23 (այժմ` 21) հասցեում, այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին` 1926-1928 թթ.: Բացվել է 1967-ի նոյեմբերի 25-ին և իր տեսակի մեջ Հայաստանում առաջինն է:
Հավելենք, որ անվանի կոմպոզիտորի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումներն իրականացնում են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` մշակույթի նախարարության աջակցությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ